Ըստ նրա, 1990 թվականին դեռևս Խորհրդային Հայաստանում գրանցվել էր 79.882 ծնունդ, իսկ արդեն 16 տարի անց, երկրում, որն ապրել է տնտեսական ճգնաժամ, գրանցվում է 37639 ծնունդ: Իսկ ընդհանուր առմամբ, ծնելիության ամենաբարձր տեմպն արձանագրվել է 1986թ., երբ Հայաստանում ծնվել է 81192 երեխա: Դրա հետ մեկտեղ, վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ծնելիության տեմպերն աճել են 17,4%--ով: Եթե 2001թ. երկրում ծնվել է 32065 երեխա, ապա 2006թ.ª 5574 երեխայով ավելի:
Միաժամանակ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է, որ ծնելիության աճի բարձր տեմպեր նկատվում են նաև ընթացիկ տարում, որի առաջին կիսամյակում Հայաստանում արդեն գրանցվել է 18.114 ծնունդ: Ըստ Աբրահամյանի, մինչև տարեվերջ այդ թիվը կարող է հասնել մինչև 40 հազարի: Սակայն ծնելիության նվազումը պրոֆեսորը չի կապում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Աշխարհում ծնելիության վիճակագրության վերաբերյալ զուգահեռներ անցկացնելիս, Աբրահամյանը նշել է, որ ոչ զարգացած երկրներում ծնելիության մակարդակը զգալիորեն բարձր է, քան զարգացած եվրոպական երկրներում: Այսպես օրինակª Հնդկաստանում, Պակիստանում և Աֆղանստանում ցանկացած կին միջինը ծննդաբերում է 4 երեխա, իսկ Եվրոպայում`երկու անգամ քիչ: ՙՊաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ավելի շատ ծննդաբերում են անապահով ընտանիքներում: Նյութապես ապահովված ընտանիքներում բավարարվում են, լավագույն դեպքում, երկու երեխայով՚,-ընդգծել է Աբրահամյանը: Բացի այդ, նշված ժամանակահատվածում ծնելիության հաշվեկշռի խախտումը նա կապում է Հայաստանի վերարտադրողունակության տարիքի բնակչության հիմնական մասի միգրացիայով:
