Home

Նախորդը | Հաջորդը

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ տասը տարի հետո հայտնվեց Տեր-Պետրոսյանը եւ մի լավ բան ասելու փոխարեն, էլի ասաց. «Վատ եք ապրելու, ամեն ինչ վատ է լինելու»: Ասաց հերիք չի, խոսեց Նիկոլի  ու  Արամ  Սարգսյանի  բառերով... Բա արժեր 10 տարի լռել ու հետո այդպես վարադառնալ:

 «Անկախության 16-րդ տարին, թեեւ թվում է շատ սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները, ես համարում են սա շրջադարձային տարի է, -երկար տարիների լռությունից հետո ասաց նա,- մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ, մեծ երկընտրանքի առջեւ. ունենք երկու ճանապարհ. մեկը պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն` պետություն, ավելի շուտ իշխանություն վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի ռեժիմների շարքը, եւ այս իշխանությունների գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից. ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելն ու այս համակարգից ազատվելն է»:

Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Ռեբերտ Քոչարյանի համար մի քանի տարի եւ հսկայական ջանքեր պահանջվեցին, որպեսզի կարողանա կանգնեցնել հասարակական դատաստան կազմակերպելու պահանջները: Այն ժամանակ թերեւս Քոչարյանը լրացուցիչ վարկանիշ ձեռք կբերեր, եթե կազմակերպեր թեկուզ ոչ անձամբ Տեր-Պետրոսյանի, այլ նրա շրջապատի դատավարությունը: Էլ չեմ խոսում Վանոյի մասին: Դե իսկ Խաչիկ Սուքիասյանը, որ Վանոյի անձնական օլիգարխն էր, ավելի ծաղկեց Քոչարյանի օրոք:
Գուցե սա նկատի ունի Տեր-Պետրոսյանը, երբ հանցագործ է անվանում Քոչարյանի իշխանությունը:

Երեւի նկատի ունի Քոչարյանի հանցագործ անգործությո՞ւնը իր ռեժիմը պատժելու գործում:

«Եվ ամենակարեւոր խնդրի մասին: Անցել է 16 տարի՝ մեր օրոք 8, ավելի քիչ՝ 7,5, սրանց օրոք՝ ավելի շատ: Ես ցավով եմ նկատում, որ մեր ժողովրդի մեջ, իսկ գուցե մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցնել նրան, չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջեւ կանգնած, Հայաստանի առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է եւ Հայաստանի ապագան, եւ ժողովրդի բարօրրությունը, եւ մեր տնտեսության բարգավաճումը Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եթե չլինի այս գիտակցությունը, ինձ թվում է ոչինչ անել պետք չէ. գնանք նստենք մեր տները եւ սպասենք, թե ինչպես է Հայաստանը վերածվում երրորդ աշխարհի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք»,-շարունակեց նա:

Նախ ով չգիտի, պիտի տեղեկացնեմ, որ Տեր-Պետրոսյանը այն բացառիկ մարդկանցից է, որ արհամարում է բոլոր նրանց, ում իրենից ցածր է համար կամ գիտելիքով կամ մի այլ հանկանիշով... Հենց այդ պատճառով էլ լինելով այս երկրի առաջին նախագահը, լավ իմանալով, որ իր այսօրվա բեկեցիկ կյանքով պարտավոր է Քոչարյանին, նրան կոչում է սրա, սրանց... Շատ տգեղ է: Նաեւ ասեմ, որ Տեր-Պետրոսյանը երբեք տնտեսությունից չի հասկացել, ու չի էլ զբաղվել դրանով, բայց այսօր չգիտես իչնչու խոսում է տնտեսությունից... Շատ տարօրինակ է եւ հավատ չի ներշնչում:

Լեւոն Տեր- Պետրոսյանը խոսեց նաեւ տնտեսության վիճակից. ՚Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ ՀՆԱ-ի զգալի մասը, եթե ոչ բախտորոշ: Պետք է հասկանանք, որ Հայաստանն ունի ռեսուրսներ. ամենամեծ ռեսուրսը բացվածությունն է աշխարհի առջեւ, եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, Ադրբեջան, Իրան, չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք, Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար, ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն էր:Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այսպես մնանք փակված, կվերածվենք մենատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել, մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլեւ պետք է մտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին: Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը, ինձ թվում է, այստեղ է կայանումՙ,-հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ուշադրություն, Տեր-Պետրոսյանի ամենակարեւոր միտքն է սա: Եկեք համաձայնենք Ադրբեջանի կողմից առաջարկվող «լայն ինքնավարույանը» եւ հանգիստ ապրենք: Սա է եղել նրա հեռանալու բանաձեւը 1998-ին եւ Տեր-Պետրոսյանը Տեր-Պետրոսյան չէր լինի եթե չփորձեր վերադառնալ նույն բանաձեւով: Դե ինչ կրկին փորձեք...

՚Ղարաբաղի հարցի կարգավորումը այս 10 տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի, եթե հետեւում եք Ադրբեջանի արձագանքներին, ապա կտեսնեք, որ նրանց դիրքը քանի գնում՝ կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար, բայց, կրկնում եմ, այս վիճակը եւս անհուսալի չեմ համարում, հնարավոր է փորձել վերադառնալ նորմալ երկրների շարքը: Մնացյալ խնդիրների լուծումը շատ լավ տեսնում եմ, հնարավոր է այս կոռուպցիոն կառույցը լիովին կազմաքանդել, կազմալուծել, հնարավոր է վերականգնել Հայաստանում օրենքի իշխանությունը, հնարավոր է դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները վերածել իրենց բուն ֆունկցիան կատարող մարմինների, այլ ոչ թե մաֆիոզ կառույցների` հանցանքները թաքցնող եւ միայն քաղաքական հետապնդումների գործիք ծառայելու կոչված նրանց կոչումը, հնարավոր է, եւ շատ իրական, վերականգնել դեմոկրատական ազատությունները Հայաստանում, այսօր նրանք՝ 17 հեռուստաալիքների էկրանների ետեւում բարիկադավորված, ուզում են մեր ժողովրդին ցույց տալ բոլորովին ուրիշ մի աշխարհ, դա տեսել ենք բրեժնեւյան շրջանի Խորհրդային միությունում, ըստ էության, այսօրվա վիճակը շատ նման է լճացման տարիներինՙ:

Տասնյոթ հեռուստաընկերությունների թեման Տեր-Պետրոսյանը դեռ մեկ անգամ էլ վերջում կկրկնի: Միթե՞ պարոն Տեր-Պետրոսյանը մոռացել է, որ իր օրոք միայն մեկ հզորագույն հեռուստաընկերություն կար, միթե՞ մոռացել է, Սաշիկ Իսկանդարյանի «Ժամանակաչափը»: Լավ է Վահրամ Մարտիրոսյանը հիշում է իր «քաղաքական փասիանս» հաղորդումը ու վերջերս խոստովանել է, որ ամաչում է դրա համար: Պետք է ասել Վահրամին, որ հիշեցնի... 

Տեր-Պետրոսյանը թերեւս ձեռնպահ մնաց օլիգարխներների քննադատությունից` նույնիսկ օլիգարխ անվանումը սխալ համարելով. ՚Դրանք ձեռնարկատերեր են, դրանք գործարարներ են: Եվ, դրանք, այդ իշխանության սյուները չեն: Եթե կուզեք իմանալ, գործարարները այդ իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեին, գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ իրենք իրենց հարգելու: Այդ բարեգործություններով այդ հարգանքը չեն նվաճի: Եվ մի մտածեք, որ այդ մարդիկ հարկեր չեն վճարում, նրանք վճարում են, եւ գուցե ավելի շատ, քան պետք է վճարեին օրենքով: Բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե, նրանք գնում են, գիտեք՝ ում գրպանըՙ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը բանաձեւեց այն անելիքները, որ պետք է իրականացվի անհապաղ. ՚Կոռուպցիոն համակարգի վերացում, Ղարաբաղի հարցի լուծում, շրջափակումների վերացում, հարեւանների հետ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների հաստատում, եւ ամենակարեւորը իրենց ցանկությամբ: Պետք է հասցնենք ժողովրդին, որ իր ձայնը վաճառելով 20-50 դոլարով, այդ մարդուց իշխանությունները կորզում են իրենց երեխաների ապագան, կորզում են այս երկրի բախտըՙ:

Դե սա ուղղակի չի սազում Տեր-Պետրոսյանին: Մանր կուտ օլիգարխներին, թե մի վախեցեք, ձեզ ձեռք չեմ տա: Պարոն Տեր-Պետրոսյան, ախր ձեր ասած ձեռնարկատերերը «օտ դոբրա դոբրա նե իշշուտ»: Նրանց այստեղ էլ վատ չեն կերակրում, ինչո՞ւ պիտի գան ձեր կողքին կանգնեն, ձեզ փող տան... Ձայները վաճառելուց էլ կարծում եմ չարժեր խոսել,  ախր այս իշխանությունը այդ ձայների համար գոնե վճարում է, ձեր օրոք այդ ձայները անվճար էին նկարվում:

 ՚Հիմա անձամբ իմ մասին: Ես գիտեմ, այս երեկոյից դուք ինչ ակնկալիքներ ունեիք: Չեմ թաքցնում, չեմ էլ կարող սեթեւեթել: Ես հետեւում ամ այս պրոցեսներին, որոնք ընթանում են: Բոլորս հասկանում ենք, որ իսկապես բախտորոշ վիճակ է եւ բոլորս հասկանում ենք, որ պետք է դուրս գալ սրանից: Բանալին, այս բոլորը ճիշտ են ըմբռնել: Այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր առողջ, հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ:

Այս տասը տարվա փորձը ցույց տվեց, որ մնացած ճանապարհները հաջողություն չեն բերում, այլ ճանապարհ չկա: Հիմա, ես կողջունեի ցանկացած մեկին, որը կհավակներ այդ միասնական թեկնածուի դերին եւ նրան կհաջողվեր իր շուրջը համախմբել բոլոր ուժերին, եւ իմ ամբողջ կարողությամբ, ամբողջ ազդեցությամբ ես կնպաստեի այդ պրոցեսին: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ: Ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, ես դեռ կշռում եմ, ես դեռ քննում եմ:

Իմ մոտեցումը զուտ քաղաքական էր, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անիՙ,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, թե կա մթնոլորտի, տրամադրությունների փոփոխություն, բայց իր գնահատմամբ, դա դեռեւս չի հասել անհրաժեշտ մակարդակի:

՚Ինչպես ասում են, կանդիցիայի դեռ չի հասել: Եվ դժվար է հասցնելը, ինչպես ասացի: Դժվար է, որովհետեւ հեռուստատեսությունը 17 ալիքով ամեն օր մտնում է երկու միլիոն հայի տուն: Դա հաղթահարելու ձեւերը մենք պետք է գտնենքՙ,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` կրկնելով, որ դեռ որոշում չունի, եւ երբ ունենա, ՚այոՙ կամ ՚ոչՙ որոշում, ապա կփաստարկի իր որոշումը, որը կլինի համոզիչ: ՚Սակայն մի բանում մի կասկածեք: Եթե տեսնեմ, որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ այս ժողովրդին եւ մեր երկիրը, մեր պետությունն այս վիճակից դուրս բերելու, ես որեւէ ջանք չեմ խնայիՙ,- ավարտել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` շնորհակալություն հայտնելով:

Ասեմ, որ Տեր-Պետրոսյանը, իմ տպավորությամբ ոչ թե մտածում է, այլ որոշել է, հարմար պահ լինելուն պես վերցնել, այն ինչը ինքը իրենն է համարում: Ուղղակի վստահ չեմ, որ կտան: Քոչարյանը բազմիցս ապացուցել է իր կոշտությունը, երբ անցնում են թույլատրելիի սահմանները: Տեր-Պետրոսյանը եթե այս պահին դեռ չի անցել այդ սահմանը, ապա բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է դա անել:

Մեջբերումներն ըստ Ամեկպլյուսի

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars