Երբեւէ նայել եք քարտեզին ընտրությունների ազատ եւ արդար անցկացման տեսանկյունից: Նկատի ունեմ, ուշադրություն դարձրել եք արդյոք, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Նայեք քարտեզին, մեզնից արեւմուտք բոլոր ընտրությունները գնահատվում են ԵԱՀԿ չափանշներին համապատասխան, իսկ մեզնից արեւելք` ոչ ժողովրդավարական: Աշխարհը բաժանված է երկու մասի, ժողովրդավար եւ բռնապետական, ու մենք հենց այդ սահմանային գծի վրա ենք:
Ընդ որում արժանահիշատակ է նաեւ փաստը, որ վերոհիշյալ սահմանը դեռ մի քանի տարի առաջ շատ մեզնից հեռու էր: Բայց ուկրաինական եւ վրացական ընտրությունների <դրական> գնահատականից հետո, սահմանային գիծը տեղափոխվեց դեպի Ռուսաստան եւ Հայաստան:
Ի դեպ խոսելով սահմանային գծի մասին հատուկ պետք է ընդգծել, որ դա ընտրություններին տրվող գնահատականի, այլ ոչ թե ընտրական պրոցեսի օբյեկտիվ որակի հարց է: Այստեղ միանգամից արժե հիշել վրացական վերջին ընտրությունը:
Ինչեւե, խոսենք մեր խնդիրներից: Սահմանին լինելը բոլորն են հասկանում, թե ինչ վտանգավոր բան է, ի վերջո կռիվները ամենաշատ վնասը հենց սահմանային երկրներին են պատճառում: Բայց սահմանին լինեը նաեւ ընտրության հնարավորություն է տալիս: Ի վերջո մենք կարող ենք ընտրել մեզնից արեւմուտք ընկած ճամբարը եւ դասվել <ժողովրդավարական> երկրների շարքին կամ էլ հակառակը: Ընդ որում հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ ընտրության մեջ մենք իսկապես ազատ ենք: Ինչպես դարեր շարունակ լինելով քրիստոնության եւ մահմեդականության սահմանը, այսօր եւս ընտության առաջ ենք: Ու թերեւս Հայաստանը այդպիսին է լինելու հավերժ…